ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«10» ապրիլի 2025 թ․ |
ԹԻՎ 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 13-րդ հոդվածի 3-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Սարգսյան
«10» ապրիլի 2025 թ. ք․ Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի ապրիլի 10-ի N 1-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) պահպանման և տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և Ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք Նախարարությունը կարող է ստանալ տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական կամ հեռազննման աշխատանքների արդյունքներով:
4. Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
5. Ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման պատասխանատու է Նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ (ՈԼՈՐՏԱՅԻՆ) ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
6. Ֆոնդը պահպանվում է Նախարարության կողմից:
7. Նախարարությունը վարում և թարմացնում է Ֆոնդը։
8. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը։
9. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը Նախարարությունում պահվում են անժամկետ՝ Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:
10. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը։
11. Նախարարությունն ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով։
12. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու:
13. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ պահպանման և տրամադրման համար:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
14․ Նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումներից հավաքագրում է Ֆոնդի վերաբերյալ ոլորտային տեղեկատվությունը և 15-օրյա պարբերականությամբ դրանք տրամադրում Կադաստրի կոմիտեին։
15. Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովվելու է Ջիո Ջէյսան (GeoJSON), Քեյ Էմ Էլ (KML), Շեյփ Ֆայլ (Shapefile), Սի Էս Վի (CSV), Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGCWMS), Վի Ֆի Էս (WFS), Վի Սի Էս (WCS) ձևաչափերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2025 թվական:
