ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 մարտի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2003 թ. մայիսի 15-ին:
Արձանագրության նպատակը 1999 թ. հունվարի 27-ին ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան լրացնելն է և Եվրախորհրդի շրջանակներում 1996 թ. ընդունված` կոռուպցիայի դեմ գործունեության ծրագրի իրականացման շրջանակն ընդլայնելը:
2. Արձանագրության 2-րդ և 3-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են ազգային միջնորդ դատավորների ակտիվ և պասիվ կաշառակերության հանցակազմեր:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, ներպետական իրավունքին համապատասխան, ձեռնարկել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են քրեականացնելու համար.
- ազգային միջնորդ դատավորների` արձանագրության 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները,
- արձանագրության 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները, երբ դրանցում ներգրավված են օտարերկրյա միջնորդ դատավորներ, ազգային երդվյալ ատենակալներ:
4. Արձանագրության իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասությունը` 7-րդ հոդվածին համապատասխան, վերապահված է Եվրախորհրդի շրջանակներում գործող` Կոռուպցիայի դեմ պետությունների խմբին (GRECO):
Արձանագրության 2-6-րդ հոդվածները դիտվում են որպես Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ և Կոնվենցիայի դրույթների համեմատ օժտված են առավել բարձր իրավաբանական ուժով:
5. Արձանագրությունը ՀՀ Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում վերապահմամբ, համաձայն որի` արձանագրության 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները քրեականացնելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնի, եթե այդ արարքների կատարմանը ներգրավված են օտարերկրյա երդվյալ ատենակալներ:
6. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին, քանի որ լրացուցիչ պայմաններ են ստեղծում իրավական, ժողովրդավարական պետության կայացման, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության (կից հայտարարությամբ) մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
