ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
70. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԺՈՂԿՈՄՍՈՎԵՏԻՆ ԿԻՑ ԳԻՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԻԿՎԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱԲԵՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1941 թ. մայիսի 21-ին, N 835
Պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններում ու հիմնարկություններում եղած պատմական գիտական կամ թանգարանային նշանակություն ունեցող գիտական, գեղարվեստական և անտիկվար առարկաների (նկարներ, քանդակներ, կահույքի առարկաներ, երաժշտական գործիքներ, ժողովրդական ստեղծագործության առարկաներ, բրոնզյա շինվածքներ, ճենապակյա ամանեղեն, բյուրեղապակյա ամանեղեն, գորգեր, գրքեր, գծագրեր, ձեռագրեր, արխիվային նյութեր և այլն) գիտական ու նյութական արժեքը երևան բերելու և դրանք վերաբաշխելու համար՝
Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարների Սովետը որոշում է.
1. Հայկական ՍՍՌ Ժողկոմսովետին կից կազմակերպել գիտական, գեղարվեստական և անտիկվար առարկաների հայտաբերման, գնահատության և վերաբաշխման միջգերատեսչական հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝
Հայկական ՍՍՌ Լուսժողկոմատից՝ ընկ. Ե. Ս. Թորոսյան (հանձնաժողովի նախագահ).
Հայկական ՍՍՌ Ժողկոմսովետին կից Արվեստի գործերի վարչությունից՝ ընկ. Գ. Գ. Դրամփյան.
Արմֆանից՝ պրոֆ. Ս. Վ. Տեր-Ավետիսյան.
Հայկական ՍՍՌ Առևտրի ժողկոմատից՝ ընկ. Ն. Ս. Կոդկոյան
Հայկական ՍՍՌ Ֆինժողկոմատից՝ ընկ. Է. Գ. Համազասպյան:
2. Պարտավորեցնել պետական, կոոպերատիվ և հասարակական հիմնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ թանգարանների, արխիվների, գրադարանների, գիտական և ուսումնական հաստատությունների, հիշյալ հանձնաժողովին ներկայացնել գիտական, գեղարվեստական, պատմական, մեմորատիվ և անտիկվար առարկաների ցուցակները՝ հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում:
3. Սահմանել, որ վերևում թվարկված առարկաների հայտաբերման, գնահատության և վերաբաշխման ուղղությամբ աշխատանքը պետք է կատարվի այն կարգով ու ժամկետներին, որ մատնանշված են ՍՍՌ Միության Ֆինժողկոմատի 1940 թ. դեկտեմբերի 17-ի N 888 հրահանգում:
Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարների Սովետի Նախագահ՝ |
Ա. Փիրուզյան |
Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարների Սովետի Գործերի Կառավարչի տեղակալ՝ |
Հ. Առաքելյան |
