ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0393/05/10 2011թ. | ||||
Վարչական գործ թիվ ՎԴ/0393/05/10 |
|||||
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 26-ին,
քննարկելով Մանուկ Ղազանչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.07.2011 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Մանուկ Ղազանչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի (այսուհետ՝ Հարկադիր կատարող), երրորդ անձ Ալինա Չոբանյանի` գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մանուկ Ղազանչյանը պահանջել է անվավեր ճանաչել Հարկադիր կատարողի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 16.02.2009 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Հարկադիր կատարողի 16.02.2009 թվականի որոշումն անվավեր է ճանաչվել Մանուկ Ղազանչյանին պատկանող Երևանի Մոլդովական փողոցի 25/4-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքի մասով:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշմամբ Ալինա Չոբանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.10.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2011 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.07.2011 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանուկ Ղազանչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել իր որոշումը, միայն նշել է, որ հարուցված քրեական գործով հնարավոր է պարզվեն այնպիսի հանգամանքներ, որոնք սույն գործի լուծման համար կարող են էական նշանակություն ունենալ: Մինչդեռ, պարզ չէ, թե ինչպիսի հանգամանքներ կարող են պարզվել, ինչ էական ազդեցություն դրանք կարող են ունենալ սույն գործի լուծման համար, և թե ինչպես ու որքանով են դրանք անհնարին դարձնում սույն վարչական գործի քննությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.07.2011 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` վարչական դատավարությունում գործի վարույթը կասեցնելու հիմքերի, ինչպես նաև կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերսկսելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու հարցին և արձանագրել, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.01.2010 թվականի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով որոշումը):
Վերաքննիչ դատարանը սույն վարչական գործի վարույթը կասեցնելիս պատճառաբանել է, որ հարուցված քրեական գործով հնարավոր է պարզվեն այնպիսի հանգամանքներ, մասնավորապես` Մանուկ Ղազանչյանի կողմից իր գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու, հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու հանգամանքներ, որոնք սույն գործի լուծման համար էական նշանակություն կունենան։ Հետևաբար, սույն գործի քննությունն անհնար է մինչև Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնի կողմից Մանուկ Ղազանչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի և 345.1-ին հոդվածի հատկանիշներով հարուցված թիվ 17107711 քրեական գործով որոշում կայացնելը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել սույն գործի քննության անհնարինությունը, քանի որ Մանուկ Ղազանչյանի նկատմամբ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու, հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքները չեն կարող Մանուկ Ղազանչյանի գույքի վրա արգելանք դնելու մասին Հարկադիր կատարողի 16.02.2009 թվականի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ սույն գործի քննության անհնարինության հիմք լինել: Այսինքն` տվյալ դեպքում բացակայում է սույն վարչական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.15-րդ, 118.17-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.07.2011 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Տ. Պետրոսյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |