ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1993 թ. N 667
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԳՈՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի գոտում (քաղ. Գյումրի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի շրջաններ) ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակից, տնտեսության ղեկավարման բնագավառում պետական կառավարման մարմինների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և տեղերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների օպերատիվ կատարման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անդրանիկ Գրիգորի Քոչարյանին նշանակել Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցիչ:
2. Սահմանել, որ Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցիչը կոորդինացնում է`
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, պաշտպանության նախարարության, մաքսային վարչության տեղական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների գործունեությունը.
բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների փոխհամաձայնեցված մասնակցությունը վերականգնողական-շինարարական աշխատանքներում.
գ) բնակչության և տնտեսության օբյեկտների կենսաապահովումը:
3. Շիրակի գոտու ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը կատարվում է Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչի համաձայնությամբ:
4. Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչն իր իրավասության շրջանակներում ընդունում է հրահանգներ և տալիս ցուցումներ:
5. Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչի հրահանգներն ու ցուցումները պարտադիր են կատարման կառավարման տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից):
6. Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցիչն իր գործունեության համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը, մաքսային վարչությանը, ինչպես նաև այլ նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին, Շիրակի գոտու պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` ցույց տալ անհրաժեշտ աջակցություն Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչին` նրա վրա դրված պարտականությունների կատարման համար:
8. Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչի աշխատակազմի ֆունկցիաները դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության աղետի գոտու հարցերի բաժնի Շիրակի աշխատախմբի վրա:
9. Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչի գործունեությունն ապահովելու համար հատկացնել անհրաժեշտ տարածք, կապի միջոցներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |