ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
27 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ ԴՐԱՆՑ ՄԻԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 10 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրի 6-րդ կետի հիման վրա,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակներով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից այնքանով, որքանով դա համապատասխանում է ոլորտի զարգացման ազգային գերակայություններին՝
մշակել էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման ժամանակ թույլատրման փաստաթղթերի ձևակերպման և հողահատկացման (հողամասերի հատկացման) պարզեցված կարգ.
փոփոխություններ կատարել կապիտալ շինարարության օբյեկտների (բազմաբնակարան շենքերին, վարչական, գրասենյակային և հասարակական շինություններին, ավտոտնակային համալիրներին մոտ գտնվող բաց և ստորգետնյա կայանատեղիների) շինարարությունը կանոնակարգող նորմերում և կանոններում՝ էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար լիցքավորման սյունակների (կայանների) տեղակայմանն ու շահագործմանը ներկայացվող պահանջներով դրանք լրացնելու մասով.
մշակել տրանսպորտային ենթակառուցվածքների գոյություն ունեցող օբյեկտների վրա էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար լիցքավորման սյունակների (կայանների) ներդնումը և տեխնիկական միացումը համաձայնեցնելու կարգը.
ապահովել էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման, ինչպես նաև էլեկտրական ցանցերին դրանց միացման ժամանակ թույլատրման փաստաթղթերի՝ էլեկտրոնային տեսքով ձևակերպումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |