ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1981 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՕԴԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 մայիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված` Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1981 թ. փետրվարի 12-ին Բրյուսելում` օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման միասնական եվրոպական համակարգ ստեղծելու նպատակով: Այն փոխարինում է 1970 թ. սեպտեմբերի 8-ի «Օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման մասին» բազմակողմ համաձայնագրին:
2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը համաձայնում են ստեղծել օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման և գանձման միասնական համակարգ և այն գործարկելու համար օգտվել «Եվրակոնտրոլի» ծառայություններից:
Օդային երթուղիների սպասարկման վճարները գանձում է «Եվրակոնտրոլը»: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պետք է համագործակցեն «Եվրակոնտրոլի» հետ` օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման և գանձման հարցում:
3. Համաձայնագրով ընդլայնվում են «Եվրակոնտրոլի» Մշտական հանձնաժողովը և նրա կառավարման կոմիտեն` ընդգրկելով «Եվրակոնտրոլի» անդամ չհանդիսացող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչներին: Ընդլայնված Հանձնաժողովը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` ուղղված օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման և գանձման միասնական համակարգի ստեղծմանը:
Համաձայնագիրը սահմանում է օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման կարգը, ինչպես նաև չվճարման դեպքում` դատական կարգով այդ վճարների փոխհատուցման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1981 թ. փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված` Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|