ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՂԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 58070/12 և 21 այլ)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
5 դեկտեմբերի 2019թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2019 թվականի նոյեմբերի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության 22 քաղաքացիների կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կից ներկայացվող աղյուսակում նշված ամսաթվերին Դատարան ներկայացված 22 գանգատների (պարոն Սերգեյ Աղանյան և 21 այլք (դիմումատուներ), տե՛ս կից ներկայացվող աղյուսակը) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել են համապատասխանաբար Ստրասբուրգում, Փարիզում և Երևանում գործող իրավաբաններ պարոն Պ. Մուզնին, պարոն Ա. Կարբոնյոն և պարոն Ա. Մարտիրոսյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:
3. 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Կառավարությունը ծանուցվել է դիմումատուների՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ենթադրյալ խախտմանն առնչվող բողոքների մասին, իսկ գանգատների մնացած մասը հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուների վերաբերյալ մանրամասները շարադրված են կից ներկայացվող աղյուսակում:
5. Դիմումատուները բոլորը Եհովայի վկաներ են, որոնք 2012 թվականի տարբեր ամսաթվերի դատապարտվել են այն բանից հետո, երբ հրաժարվել են և՛ զինվորական, և՛ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից՝ պնդելով, որ վերջինն իսկապես քաղաքացիական բնույթի չէ, և որ այն հակասում է իրենց խղճին: Դիմումատուները բողոքել են, որ իրենց նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցելով և իրենց դատապարտելով՝ խախտվել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները;
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
6. Համապատասխան ներպետական օրենսդրությունը և միջազգային փաստաթղթերն ամփոփ ներկայացված են Դատարանի՝ Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի (թիվ 75604/11, §§ 27-48, 2017 թվականի հոկտեմբերի 12) գործով վճռում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
7. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է համարում ուսումնասիրել դրանք մեկ վճռի շրջանակներում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 37–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
8. Կառավարությունն իր՝ 2019 թվականի ապրիլի 18-ի գրությամբ մերժել է Դատարանի՝ գործի բարեկամական կարգավորման վերաբերյալ առաջարկությունները և պահանջել, որ Դատարանը հանի գործերն իր՝ քննության ենթակա գործերի ցուցակից՝ կից ներկայացվող միակողմանի հայտարարությունների հիման վրա՝ դիմումատուների կողմից ներկայացված խնդիրների լուծման նպատակով:
9. Դիտարկելով Կառավարության միակողմանի հայտարարությունների պայմանները՝ Դատարանը եզրակացնում է, որ դրանք բավարար հիմքեր չեն պարունակում համարելու, որ Կոնվենցիայով սահմանված՝ մարդու իրավունքների հարգումը չի պահանջում, որ Դատարանը շարունակի գործի քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ, վերջում)։
10. Հետևաբար Դատարանը մերժում է գանգատը հանելու մասին Կառավարության պահանջը և հետևապես անցնում է գործի ըստ էության քննությանը (տե՛ս Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey (preliminary objections) [GC]], թիվ 26307/95, §§75-77, ՄԻԵԴ 2003‑VI)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
11. Դիմումատուները բողոքել են, որ նրանց նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցելով և նրանց դատապարտելով զինվորական և այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից խուսափելու համար՝ խախտվել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքները, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատությունը:
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք … անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»։
12. Կառավարությունը չի վիճարկել այդ փաստարկը։
13. Դատարանն արդեն իսկ հայտնաբերել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում սույն գործում բարձրացված հարցերին համանման հարցերի առնչությամբ՝ Ադյանը և այլք (վերևում հիշատակված՝ §§ 67-74) գործով նշանակալից վճռում:
14. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը չի գտել որևէ համոզիչ փաստ կամ փաստարկ՝ սույն գանգատների ընդունելիության և գործի ըստ էության քննության առնչությամբ այլ եզրահանգում կատարելու համար: Հաշվի առնելով տվյալ հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում դիմումատուների՝ զինվորական և այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար դատապարտմամբ խախտվել է նրանց՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:
15. Հետևաբար այս բողոքներն ընդունելի են, և դրանցով հայտնաբերվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
16. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
17. Դիմումատուներից յուրաքանչյուրը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջել է 10 000 եվրո և 2 000 եվրո՝ ներպետական վարույթների շրջանակներում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:
18. Կառավարությունը վիճարկել է պահանջները՝ պնդելով, որ պահանջվող գումարները չափազանցված են։
19. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհել 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 1 000 եվրո՝ ներպետական վարույթների շրջանակներում և Դատարանում կրած ծախսերի համար:
20. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Մերժում է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատներն իր գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը՝ նրա կողմից ներկայացված միակողմանի հայտարարությունների հիման վրա.
3. Հայտարարում է դիմումատուների՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքներն ընդունելի.
4. Վճռում է, որ յուրաքանչյուր դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում յուրաքանչյուր դիմումատուի պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 10 000 եվրո (տասը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի դեկտեմբերի 5-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ |
Քրշիշթոֆ Վոյտիչեկ Նախագահ |
Հավելված
Գործերի ցանկը
Թիվ |
Գանգատ թիվ |
Գործի անվանումը |
Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատուն, |
1. |
58070/12 |
Աղանյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Սերգեյ ԱՂԱՆՅԱՆ |
2. |
58073/12 |
Առաքելյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Արամայիս ԱՌԱՔԵԼՅԱՆ |
3. |
58077/12 |
Ասլանյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Արթուր ԱՍԼԱՆՅԱՆ |
4. |
58078/12 |
Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Անանիա ԳՐԻԳՈՐՅԱՆ 1993 թվականի դեկտեմբերի 12 գյուղ Նոր Արմավիր ՀՀ |
5. |
58085/12 |
Հարությունյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Արսեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
6. |
58089/12 |
Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
7. |
58091/12 |
Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Արծրուն ԽԱՉԱՏՐՅԱՆ |
8. |
58095/12 |
Խոդոյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Մաքսիմ ԽՈԴՈՅԱՆ |
9. |
58098/12 |
Սահակյանն ընդդեմ Հայաստանի |
2011 թվականի սեպտեմբերի 3 |
Գևորգ ՍԱՀԱԿՅԱՆ |
10. |
58111/12 |
Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Սերյոժա ՍՏԵՓԱՆՅԱՆ |
11. |
58120/12 |
Վարդանյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Վարազդատ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
12. |
58127/12 |
Զաքարյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի սեպտեմբերի 3 |
Նվեր ԶԱՔԱՐՅԱՆ |
13. |
752/13 |
Առաքելյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ |
14. |
757/13 |
Առաքելյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Գևորգ ԱՌԱՔԵԼՅԱՆ |
15. |
758/13 |
Բոյաջյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Տիգրան ԲՈՅԱՋՅԱՆ |
16. |
760/13 |
Դավթյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Հակոբ ԴԱՎԹՅԱՆ |
17. |
761/13 |
Գալստյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Մուշեղ ԳԱԼՍՏՅԱՆ |
18. |
762/13 |
Մանասյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Միխաիլ ՄԱՆԱՍՅԱՆ |
19. |
764/13 |
Սարգսյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ |
20. |
766/13 |
Տեր-Գալստյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Վահե ՏԵՐ-ԳԱԼՍՏՅԱՆ |
21. |
767/13 |
Երեմյանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Արտյոմ ԵՐԵՄՅԱՆ |
22. |
768/13 |
Եսայանն ընդդեմ Հայաստանի |
2012 թվականի դեկտեմբերի 21 |
Մարտիրոս ԵՍԱՅԱՆ |