Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կենտրոնական բանկերի միջև ԽՍՀՄ նախկին Պետբանկի ակտիվների և պասիվների բաժանման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
ԽՍՀՄ նախկին Պետական բանկի ակտիվների և պասիվների բաժանման համար Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կենտրոնական (ազգային) բանկերը, համաձայն սահմանադրական ընթացակարգերի, մեկամսյա ժամկետում ստեղծում են Համատեղ հանձնաժողով: Ռուսաստանի կենտրոնական բանկը վերոհիշյալ Հանձնաժողովին ծանոթացնելու և աշխատանքի համար տրամադրում է լուծարման հանձնաժողովի բոլոր անհրաժեշտ նյութերը, ներառյալ ԽՍՀՄ Պետական բանկի համախմբված բալանսը՝ 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
Հ ո դ վ ա ծ 2
Ստեղծված Հանձնաժողովը, մեկամսյա ժամկետում, մշակում է ակտիվների և պասիվների բաժանման մեխանիզմը՝ 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ և այն ներկայացնում պետությունների ղեկավարների քննարկմանը:
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կատարված է Կիև քաղաքում 1992 թվականի մարտի 20-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 20-ից: