Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով 1992 թ. հունիսի 26-ի` «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրով և հաշվի առնելով, որ երկու պետություններն էլ հանդիսանում են 2011 թ. մայիսի 19-ի` Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ ընդունված` մինչև 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության` «Համագործակցություն «ԱՏՈՄ-ԱՊՀ»» շրջանակային ծրագրի մասնակիցներ,
հաստատելով երկու Կողմերի հավատարմությունը 1968 թ. հուլիսի 1-ի` «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հիման վրա միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդմանը,
գիտակցելով միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության համարժեք միջոցների անհրաժեշտությունը, հաստատելով 1979 թ. հոկտեմբերի 26-ի` «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խիստ կատարումը և հաշվի առնելով այն, որ երկու Կողմերն էլ ԱԷՄԳ-ի հետ ունեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման համաձայնագիր,
նշելով, որ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը նպաստում է տնտեսության բազմակողմանի զարգացմանը և մարդկանց բարեկեցության աճին, ինչպես նաև նպաստում է նորագույն գիտատեխնիկական մշակումների և առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը, թույլ է տալիս պահպանել օրգանական վառելիքի բնական պաշարները,
գիտակցելով իրենց ժողովուրդների և միջազգային հանրության առջև ատոմային էներգետիկայի օբյեկտների` հուսալի և անվտանգ շահագործման ապահովման պատասխանատվությունը,
ղեկավարվելով երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններով և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շահերով՝ հիմնված հավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և երկու պետությունների ազգային արժանապատվության ու ինքնիշխանության լիակատար հարգանքի վրա,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը զարգացնում և ամրապնդում են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում համագործակցությունը՝ Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը, իրենց ազգային միջուկային ծրագրերի պահանջներին և առաջնահերթություններին համապատասխան:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև նշված տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
«բաղադրիչ» - սարքավորման կամ այլ առարկայի ցանկացած մաս՝ սահմանված համապատասխան ձևով՝ Կողմերի իրավասու մարմինների պայմանավորվածությամբ,
«սարքավորում» - ցանկացած սարքավորում՝ նշված ԱԷՄԳ-ի INFCIRC/254/Rev.11/Part1 տեղեկատվական փաստաթղթում, որում պարբերաբար կարող են կատարվել փոփոխություններ: Ցանկացած նման փոփոխություն սույն Համաձայնագրի շրջանակներում ուժ ունի միայն այն դեպքում, եթե Կողմերը գրավոր, դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են, որ ընդունում են այդ փոփոխությունը,
«նյութ» - ցանկացած ոչ միջուկային նյութ՝ նշված ԱԷՄԳ-ի INFCIRC/254/Rev.11/Part1 տեղեկատվական փաստաթղթում, որում պարբերաբար կարող են կատարվել փոփոխություններ: Ցանկացած նման փոփոխություն սույն Համաձայնագրի շրջանակներում ուժ ունի միայն այն դեպքում, եթե Կողմերը գրավոր, դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են, որ ընդունում են այդ փոփոխությունը,
«տեղեկատվություն» - սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրման կամ փոխանակման համար Կողմերի իրավասու մարմինների կողմից պայմանավորվածությամբ համապատասխան ձևով սահմանված` գիտական, առևտրային, տեխնիկական տվյալներ կամ ցանկացած ձևով այլ տեղեկատվություն,
«մտավոր սեփականություն» - մտավոր սեփականություն, որը սահմանված է 1967 թ. հուլիսի 14-ին Ստոկհոլմ քաղաքում (Շվեդիա) ստորագրված` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադիր կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան,
«միջուկային նյութ» - որևէ սկզբնական նյութ կամ հատուկ տրոհվող նյութ՝ ԱԷՄԳ-ի կանոնադրության XX հոդվածի սահմանումներին համապատասխան: ԱԷՄԳ-ի կոնոնադրության XX հոդվածի շրջանակներում ԱԷՄԳ-ի ղեկավարների Խորհրդի ցանկացած սահմանում, որը փոփոխում է «սկզբնական նյութ» կամ «հատուկ տրոհվող նյութ» սահմանումներին համապատասխանող նյութերի ցանկը, սույն Համաձայնագրի շրջանակներում ուժ ունի միայն այն դեպքում, եթե Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր տեղեկացնում են, որ իրենք ընդունում են այդպիսի փոփոխությունը,
«տեխնոլոգիա» - տեխնոլոգիա՝ սահմանված ԱԷՄԳ-ի INFCIRC/254/Rev.9/Part1 տեղեկատվական փաստաթղթում, որում պարբերաբար կարող են կատարվել փոփոխություններ: Ցանկացած նման փոփոխություն սույն Համաձայնագրի շրջանակներում ուժ ունի միայն այն դեպքում, եթե Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր տեղեկացնում են, որ իրենք ընդունում են այդպիսի փոփոխությունը,
«լիազորված կազմակերպություններ» - Կողմերի պետություններից յուրաքանչյուրի իրավաբանական անձ, որը համապատասխան Կողմի իրավասու մարմնի կողմից լիազորված է` իրականացնելու համագործակցություն սույն Համաձայնագրի շրջանակներում:
Հոդված 3
Կողմերը համագործակցում են հետևյալ ուղղություններով.
Կողմերի տարածքներում ատոմային էլեկտրակայանների, հետազոտական ռեակտորների և այլ միջուկային տեղակայանքների մշակում, նախագծում, կառուցում և շահագործում,
ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովում, ատոմային էլեկտրակայանների հիմնական սարքավորումների ախտորոշիչ և հսկողական համակարգերի, ատոմային էլեկտրակայանների շահագործման աջակցման համակարգի և վթարների վերացման համակարգի զարգացում և կատարելագործում,
աշխատած միջուկային վառելիքի պահպանում և վերամշակում,
ռադիոակտիվ թափոնների կառավարում,
ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների պահպանում,
միջուկային նյութերի հաշվառում և վերահսկում, միջուկային էներգետիկայի օբյեկտների և աշխատած ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների պահպանման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության իրականացում,
միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության ապահովում, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ատոմային էներգիայի և վառելիքային ցիկլի ճառագայթային ազդեցության գնահատում,
Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի մասնագետների և ատոմային էլեկտրակայաններ շահագործող անձնակազմի պատրաստում՝ համաձայնեցված ծրագրերով,
ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացում,
փորձի փոխանակում ատոմային էներգիայի օգտագործման տնտեսական արդյունավետության ապահովման բնագավառում,
միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառում բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ,
տեղեկացում հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործման հարցերի մասին,
արդյունաբերական գործունեության համատեղ իրականացում,
սույն Համաձայնագրի շրջանակներից դուրս չեկող այլ համագործակցություն՝ Կողմերի պայմանավորվածությամբ:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
համատեղ ծրագրերի և նախագծերի պլանավորում և մշակում,
ատոմային էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցությունն ապահովող ծրագրերի և նախագծերի իրականացման համար մշտապես գործող` երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորում,
Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև առանձին պայմանագրերի (կոնտրակտների) կնքում, որոնցում, Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, սահմանվում են լիազորված կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնեցված ծավալը, պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցների իրավունքներն ու պարտավորությունները, համագործակցության ֆինանսական և այլ պայմանները,
Կողմերի պետությունների տեխնիկական մասնագետների և փորձագետների մասնակցություն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված համագործակցության ուղղությունների իրականացմանը,
գիտական, տեխնիկական և կառավարչական անձնակազմի ուսուցման և վերապատրաստման համար օգնության տրամադրում,
ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում հետազոտական, տեխնոլոգիական, տնտեսական և ղեկավարման խնդիրներով փոխադարձ խորհրդատվության անցկացում,
գիտատեխնիկական, նորմատիվ իրավական և այլ տեղեկատվության փոխանակում,
գիտատեխնիկական ծրագրերի իրականացման և արտադրանքի մշակման նպատակով ներդրումային միջոցների հայթայթում և ներգրավում,
օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների ստեղծմանն աջակցում,
միջազգային գիտական կենտրոններում համատեղ հետազոտությունների կազմակերպում,
աշխատանքային հանդիպումների, գիտական սեմինարների, գիտաժողովների և միջազգային համաժողովների կազմակերպում,
Կողմերի պայմանավորվածությամբ` համագործակցության այլ ձևերի իրականացում:
Հոդված 5
1. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը նշանակում են իրավասու մարմիններ՝
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն,
Բելառուսի Հանրապետությունում` Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարություն:
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ տեղեկացնում են այլ իրավասու մարմին նշանակելու կամ դրա անվանափոխման դեպքում:
Հոդված 6
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության իրականացման պայմանները սահմանվում են Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև՝ Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան, երկկողմ պայմանագրերի կնքմամբ:
Կողմերի լիազորված կազմակերպությունները մինչև պայմանագրերը (կոնտրակտները) կնքելը դրանք համաձայնեցնում են Կողմերի իրավասու մարմինների հետ:
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված համագործակցության ուղղությունների իրականացման համար մշակվող համատեղ ծրագրերը (նախագծերը) հաստատվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից:
Հոդված 7
1. Փոխանցված և (կամ) համագործակցության ընթացքում ստեղծված գաղտնի տեղեկատվության պաշտպանության փոխադարձաբար ապահովումը Կողմերի կողմից իրականացվում է գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության բնագավառում երկկողմ միջազգային համաձայնագրին համապատասխան:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան փոխանցվող կամ դրա իրականացման արդյունքում ստեղծվող տեղեկատվությունը այն դեպքում, երբ Կողմերից մեկի կողմից դիտարկվում է որպես այնպիսի տեղեկատվություն, որի տարածումը և (կամ) տրամադրումը սահմանափակ է, հստակ սահմանվում և նշվում է:
Այն տեղեկատվության օգտագործումը, որի տարածումը և (կամ) տրամադրումը սահմանափակ է, և դրա պաշտպանությունն իրականացվում են տեղեկատվությունը ստացող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի պահանջները: Այդ տեղեկատվությունը չի կարող հրապարակվել կամ փոխանցվել երրորդ կողմի` առանց տեղեկատվությունը փոխանցող Կողմի գրավոր թույլտվության:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը միմյանց աջակցում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համատեղ կամ ազգային ծրագրերի իրականացման համար նյութերի, տեխնոլոգիաների, սարքավորումների և ծառայությունների փոխանցման հարցում: Նշված փոխանցումն իրականացվում է Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 9
1. Միջուկային նյութերի, սարքավորումների, հատուկ ոչ միջուկային նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանումը սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է 1968 թ. հուլիսի 1-ի «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից բխող Կողմերի պարտավորություններին, ինչպես նաև արտահանման վերահսկման բազմակողմ մեխանիզմների շրջանակներում այլ միջազգային պայմանագրերին և պայմանավորվածություններին համապատասխան, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան ստացված միջուկային նյութերը, սարքավորումները, հատուկ ոչ միջուկային նյութերը և համապատասխան տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց հիման վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային և հատուկ ոչ միջուկային նյութերը, սարքավորումները և համապատասխան տեխնոլոգիաները՝
չեն օգտագործվի միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ սարքերի արտադրության նպատակով կամ որևէ այլ ռազմական նպատակի հասնելու համար,
ապահովված կլինեն ֆիզիկական պաշտպանության միջոցներով, որոնց մակարդակը ցածր չի լինի ԱԷՄԳ-ի` «Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությանը վերաբերող` ֆիզիկական միջուկային անվտանգության գծով առաջարկություններ» փաստաթղթում (INFCIRC/225/Rev.5) և դրա հետագա փոփոխություններում առաջարկված մակարդակից,
կվերաարտահանվեն կամ ընդունող Կողմի պետության իրավազորությունից կփոխանցվեն ցանկացած երրորդ պետություն միայն փոխանցող Կողմի նախնական գրավոր թույլտվության դեպքում:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող միջուկային նյութերը, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված միջուկային նյութերի, սարքավորումների, հատուկ ոչ միջուկային նյութերի օգտագործման արդյունքում արտադրված միջուկային նյութերը չեն հարստացվում ուրան-235 իզոտոպով մինչև 20 և ավելի տոկոս ցուցանիշը, ինչպես նաև չեն հարստացվում և չեն վերամշակվում` առանց փոխանցող Կողմի նախնական գրավոր համաձայնության:
4. Կողմերը համագործակցում են միջուկային նյութերի, սարքավորումների, հատուկ ոչ միջուկային նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանման վերահսկման հարցերով: Փոխանցված միջուկային նյութերի, սարքավորումների, հատուկ ոչ միջուկային նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց հիման վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային և հատուկ ոչ միջուկային նյութերի, տեղակայանքների և սարքավորումների օգտագործման վերահսկողությունն իրականացվում է Կողմերի միջև խորհրդատվությունների միջոցով համաձայնեցված ձևով:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում ճառագայթված միջուկային վառելիքի քիմիական վերամշակման, ուրանի իզոտոպային հարստացման և ծանր ջրի արտադրության տեխնոլոգիաների և տեղակայանքների, դրանց հիմնական բաղադրիչների կամ դրանց հիման վրա արտադրված ցանկացած այլ առարկայի, ինչպես նաև, ըստ ուրան-235 իզոտոպի, 20 և ավել տոկոսով հարստացված ուրանի, պլուտոնիումի և ծանր ջրի փոխանցում:
Հոդված 11
Կողմերն իրենց պետությունների օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը, ապահովում են սույն Համաձայնագրին համապատասխան փոխանցվող կամ ստեղծվող մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանություն:
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրականացման ընթացքում լիազորված կազմակերպությունների կողմից փոխանցվող կամ ստեղծվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և բաշխման հարցերը կարգավորվում են համագործակցության կոնկրետ ուղղություներով լիազորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով (կոնտրակտներով):
Հոդված 12
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրականացման ընթացքում առաջացող միջուկային վնասի համար պատասխանատվությունը սահմանվում է լիազորված կազմակերպությունների միջև կնքվող համապատասխան պայմանագրերով (կոնտրակտներով)՝ համաձայն սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի և Կողմերի պետություններից յուրաքանչյուրի միջազգային պարտավորություններին և օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտականությունները, որոնք բխում են Կողմերի այլ միջազգային պայմանագրերի դրույթներից, ինչպես նաև` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Կողմերի ստանձնած այլ պարտավորությունները:
Հոդված 14
Կողմերը, իրենցից մեկի խնդրանքով, անցկացնում են խորհրդատվություններ` սույն Համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
Սույն Համաձայնագրի որևէ հոդվածի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդատվությունների կամ բանակցությունների միջոցով:
Հոդված 15
Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Այդ արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 16
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Համաձայնագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հերթական 5-ամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամանակահատվածը լրանալուց առնվազն 6 (վեց) ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում համարվում է, որ Համաձայնագիրը կորցրել է ուժը նման ծանուցում ստանալու օրվանից 6 (վեց) ամիս հետո:
3. Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում դրա գործողության ժամանակահատվածում սկսված և դրա գործողության դադարեցման պահին չավարտված ծրագրերի և նախագծերի իրականացման վրա, եթե Կողմերը այլ կերպ չեն պայմանավորվում:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում սույն Համաձայնագրի 7-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները մնում են ուժի մեջ:
Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի փետրվարի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են: