Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր
ղեկավարվելով երկու պետությունների միջև բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ կապերի զարգացման նպաստելու ցանկությամբ,
իրենց պետության քաղաքացիների այցելությունների իրավական կարգավորման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Մի կողմի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում առանց արտոնագրերի՝ սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ Հավելվածներում նշված՝ անձը և քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթղթերով:
Կողմերի պետությունների քաղաքացիների մուտքն ու ելքը իրականացվում է միջազգային ուղևորափոխադրումների համար բաց անցակետերով:
Հոդված 2
Կողմերի պետության քաղաքացիները, որոնք բնակվում են երրորդ պետություններում կարող են մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել կամ տարանցիկով երթևեկել Կողմերի պետությունների տարածքով առանց վիզաների՝ Համաձայնագրի 1-ին և 2-րդ Հավելվածներում նշված անձը և քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթղթով՝ ցանկին համաձայն:
Հոդված 3
Կողմերը կանոնավոր կերպով կտեղեկացնեն միմյանց սույն Համաձայնագրի դրույթների կիրառման ոլորտին վերաբերող հարցերի, մասնավորապես՝ անձը և քաղաքացիությունը հաստատող գործող փաստաթղթերի, դրանց տրման և օգտագործման կարգում փոփոխությունների, Կողմերի պետությունների տարածքում օտարերկրյա քաղաքացիների կացության կանոնների, ինչպես նաև համապատասխան օրենսդրական ակտերի մասին:
Գործող ճամփորդական փաստաթղթերում փոփոխության կամ անձը և քաղաքացիությունը հաստատող նոր փաստաթղթեր գործածության մեջ մտցնելու դեպքում Կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն դրանց նմուշները՝ դրանց գործածության մեջ մտնելու առնվազն երեսուն օր առաջ:
Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակմամբ, Համաձայնագրի 1-ին և 2-րդ Հավելվածներում կարող են կատարել նշված փաստաթղթերի ցանկի փոփոխություններ: Այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն համապատասխան հայտագրերի՝ դիվանագիտական ուղիներով փոխանակման օրվանից:
Հոդված 4
Կողմերի պետության քաղաքացիները պարտավոր են մյուս Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրին համապատասխան մուտք գործելուց հետո կատարել Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված կացության վերաբերյալ պահանջները:
Կողմերի պետության այն քաղաքացիները, որոնք խախտել են սույն Համաձայնագրի դրույթները կամ Կողմերի պետության տարածքում կացության կանոնները, ենթակա են վերադարձման իրենց քաղաքացիության պետություն՝ Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի իրավունքը՝ լիովին կամ մասամբ դադարեցնել սույն Համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, եթե դա արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ է իրենց պետությունների սահմանների և տարածքի պաշտպանության համար, մասնավորապես՝ Կողմերի պետության անվտանգությանը, հասարակական կարգի պահպանմանը կամ բնակչության առողջության պաշտպանությանը վտանգ սպառնալու դեպքում:
Այս դեպքում շահագրգիռ Կողմը կարող է համապատասխան սահմանափակումներ մտցնել մյուս Կողմի պետության քաղաքացիների՝ առանց արտոնագրի մուտքի, ելքի, կացության, տեղաշարժման և տարանցիկ երթևեկության համար՝ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով տեղեկացնելով այդ մասին նշված սահմանափակումները մտցնելուց 72 ժամ առաջ:
Հոդված 6
Կողմերը սույն Համաձայնագրի դրույթների կիրառման հետ կապված հարցերով կփոխանակեն տեղեկություններ և կխորհրդակցեն ըստ անհրաժեշտության:
Սույն Համաձայնագիրը ժամանակավոր ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից:
Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է Կողմերից մեկի Համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին համապատասխան գրավոր ծանուցումը մյուս Կողմի ստանալուց հետո իննսուն օր անց:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2000թ. սեպտեմբերի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
1-ին հավելված
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Ռուսաստանի
Դաշնության քաղաքացիների առանց արտոնագրերի
այցելությունների մասին» Համաձայնագրի
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի համար փաստաթղթերի ցանկ
1. ԽՍՀՄ քաղաքացու անձնագիր' Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին ներդիրով կամ տեղեկանքով (նշումով), կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալու մասին տեքստով, կամ 1992թ. փետրվարի 6-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցման (մշտական բնակության) մասին դրոշմակնիքով (մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը):
2. Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր:
3. Կորցրած անձնագրի փոխարեն Ռուսաստանի ՆԳՆ կողմից հաստատված կարգով տրամադրված Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ժամանակավոր վկայական:
4. Ծննդյան վկայական (մինչև 14 տարեկան երեխաների համար):
5. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության զինծառայողի, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության, Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության աշխատակցի, Ռուսաստանի Դաշնության դատավորի և դատարանի ապարատի, Ռուսաստանի Դաշնության դատախազի և դատախազության աշխատողի վկայական:
6. Դիվանագիտական անձնագիր:
7. Ծառայողական անձնագիր:
8. Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր (արտասահմանյան անձնագիր):
9. Արտասահմանյան անձնագիր' ԽՍՀՄ խորհրդանշանով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին գրառումով կամ նշումով:
10. Նավաստու անձնագիր (նավային դերի կամ դրանից գրառումի առկայության դեպքում):
11. Օդանավի անձնակազմի անդամի թռիչքի վկայական (անձնակազմի կազմում երթևեկության ժամանակ):
12. Երկաթուղային տրանսպորտի աշխատակցի վկայական (գնացքի անձնակազմի կազմում երթևեկության ժամանակ):
13. Ռուսաստանի Դաշնություն վերադարձի վկայական (միայն Ռուսաստանի Դաշնություն վերադարձի համար):
2-րդ հավելված
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության
քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին»
Համաձայնագրի
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքով մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի համար փաստաթղթերի ցանկ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
2. Ծննդյան վկայական (մինչև 16 տարեկան երեխաների համար):
3. Դիվանագիտական անձնագիր:
4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության աշխատակցի, Հայաստանի Հանրապետության դատավորի և դատարանի ապարատի, Հայաստանի Հանրապետության դատախազի և դատախազության աշխատողի վկայական (սույն փաստաթղթերի մեջ ռուսերեն լեզվով տեքստի բացակայության դեպքում, դրանք ապահովվում են նոտարով հաստատված ռուսերեն թարգմանությամբ):
5. Օդանավի անձնակազմի անդամի թռիչքի վկայական (անձնակազմի կազմում երթևեկության ժամանակ):
6. Երկաթուղային տրանսպորտի աշխատակցի վկայական (գնացքի անձնակազմի կազմում երթևեկության ժամանակ):
7. Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար):
2000 թվականի սեպտեմբերի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին» Համաձայնագրի 3-րդ հոդվածի վերջնական ձևակերպումը՝ հայերեն և ռուսերեն տեքստերում
Հոդված 3
Կողմերը կանոնավոր կերպով կտեղեկացնեն միմյանց սույն Համաձայնագրի դրույթների կիրառման ոլորտին վերաբերող հարցերի, մասնավորապես՝ անձը և քաղաքացիությունը հաստատող գործող փաստաթղթերի, դրանց տրման և օգտագործման կարգում փոփոխությունների, Կողմերի պետությունների տարածքում օտարերկրյա քաղաքացիների կացության կանոնների, ինչպես նաև համապատասխան օրենսդրական ակտերի մասին:
Տերերի ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող նոր փաստաթղթեր մտցնելու կամ գործող փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում, Կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն դրանց նմուշները՝ դրանց գործածության մեջ մտնելուց ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակմամբ, Համաձայնագրի 1-ին և 2-րդ Հավելվածներում կարող են կատարել նշված փաստաթղթերի ցանկի փոփոխություններ: