ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
9 հունիսի 2011 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտաարտադրական միավորումներ ստեղծելու ընդհանուր սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 19 մայիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Խնդրո առարկա Համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:
Համաձայնագրի հիմնական նպատակն է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության կատարելագործումը և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների զարգացման և ինտեգրացման համատեղ աջակցության համար պայմանների ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների միջև ապահովել և զարգացնել արդյունաբերության պաշտպանական ճյուղերի արտադրական ու գիտատեխնիկական ձեռնարկությունների կոոպերացիան` նպաստելով ռազմատեխնիկական և ռազմատնտեսական փոխշահավետ համագործակցությանը:
2. Սույն Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 16 հոդվածներից:
Քննարկվող Համաձայնագրի 1-ին հոդվածը նվիրված է Համաձայնագրում օգտագործված մի շարք եզրույթների բովանդակության բացահայտմանը, այն է` ռազմական նշանակության արտադրանք (այսուհետ` ՌՆԱ) և ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտաարտադրական միավորումներ (համատեղ ձեռնարկություններ), (այսուհետ` Միավորումներ):
Համաձայնագրով սահմանվում է, որ Միավորումներն ստեղծվում են շահագրգիռ Կողմերի միջև երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:
Համաձայնագրի 3-րդ հոդվածից բխում է, որ ստեղծվող Միավորումների տնտեսական գործունեությանն առնչվող հարցերը կարգավորվում են Միավորման գրանցման Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան հիմնադիր փաստաթղթերով:
Միավորումը Կողմերի հետ իրականացնում է արտաքին առևտրային գործունեություն` իր կողմից թողարկվող ՌՆԱ-ի հետ կապված:
Համաձայնագրում արձանագրված է, որ Միավորումը ՌՆԱ-ի մատակարարումները երրորդ Կողմերի իրականացնելու է այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որում գրանցված է որպես իրավաբանական անձ:
3. Ըստ Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- շահագրգիռ Կողմերի հետ, ՀՀ մասնակցությամբ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա, ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտաարտադրական միավորումներ (համատեղ ձեռնարկություններ), որոնք Կողմերի հետ միասին պետք է իրականացնեն իրենց կողմից թողարկվող ՌՆԱ-ի հետ կապված արտաքին առևտրային գործունեություն,
- ՌՆԱ-ի մատակարարումները կազմակերպության անդամ պետություններ իրականացնել 2000թ. հունիսի 20-ին ստորագրված` «1992թ. մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի հիման վրա,
- ներմուծման մաքսատուրքերից ազատել Միավորումների ձեռնարկությունների կողմից տեղափոխվող ՌՆԱ-ն, ինչպես նաև ՌՆԱ արտադրելու համար ապրանքները, որ առաջացել են Համաձայնագրի մասնակիցների մաքսային տարածքում և նախատեսված են ՀՀ-ի համար ու ներմուծվում են ՀՀ-ի մաքսային տարածք (հոդված 7),
- Միավորումների գործունեության ընթացքում ստացված և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պաշտպանությունն իրականացնել 2004թ. հունիսի 18-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին համաձայնագրին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 11),
- ապահովել Միավորումների գործունեության ընթացքում ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների պահպանությունը` 2007թ. հոկտեմբերի 6-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ընթացքում ստացված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պահպանության մասին համաձայնագրին, ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագրի 8-րդ հոդվածը կարգավորում է Միավորման մեջ մտնող ձեռնարկությունների հարկման հետ կապված հարաբերությունները, սահմանելով, որ ձեռնարկությունների գործունեությունը ենթակա է հարկման այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որտեղ դրանք գրանցված են որպես իրավաբանական անձ:
Համաձայնագրով (հոդված 9) նախատեսված է, որ Միավորումների ստեղծումն արգելք չի հանդիսանալու Միավորման մեջ մտած ձեռնարկությունների` սույն Համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող պետությունների ձեռնարկությունների հետ համապատասխան միջազգային պայմանագրերի պայմաններով իրականացվող կոոպերատիվ կապերի պահպանմանը և զարգացմանը, իսկ Միավորմանն անդամակցումը չի բացառելու արտաքին առևտրային գործունեության իրավունքը:
Համաձայնագրով կարգավորվում են նաև Կողմերի միջև ծագած վեճերի և տարաձայնությունների լուծման, Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու ընթացակարգերը, ինչպես նաև Համաձայնագիրը ներառում է վերջինիս ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետի վերաբերյալ համապատասխան դրույթներ:
4. Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկանքի` Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում:
Դիտարկվող Համաձայնագիրը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, կոչված է նպաստելու Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժի և ընդհանուր առմամբ ՀՀ զինված ուժերի մարտունակության հետագա ամրապնդմանը, համահունչ է ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտաարտադրական միավորումներ ստեղծելու ընդհանուր սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 9 հունիսի 2011 թ. ՍԴՈ-974
Գ. Հարությունյան