ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/9527/05/202025 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/9527/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի մարտի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռոստոմ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռոստոմ Հովհաննիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձինք՝ Հրաչիկ Բաղդասարյան, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ Երևանի քաղաքապետի կողմից 06.08.2019 թվականին կայացված ք. Երևան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ թիվ 2805-Ա որոշումն անվավեր ճանաչելու, և որպես անվավերության հետևանք՝ ք. Երևան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.
Գործի դատավարական նախապատմությունը.Դիմելով դատարան` Ռոստոմ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 06.08.2019 թվականին կայացված ք. Երևան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ թիվ 2805-Ա որոշումը, և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել ք. Երևան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա․ Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 18.10.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2023 թվականի որոշմամբ Ռոստոմ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.10.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոստոմ Հովհաննիսյանը (ներկայացուցիչ՝ Պայծառ Քոչարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 29-րդ հոդվածները, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործով ձեռք բերված ապացույցների պատշաճ հետազոտում և գնահատում, չի պարզել գործով էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը՝ դատական ակտում հաստատված համարելով օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեցող փաստեր: Վերաքննիչ դատարանի նման գործողությունը հանգեցրել է նրան, որ դատական ակտ կայացնելիս հաստատված օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեցող փաստերը ազդել են գործի ելքի վրա: Գործում առկա ապացույցների մի մասը Վերաքննիչ դատարանի կողմից մեկնաբանվել է իրենց բովանդակությանը ոչ համապատասխան:
Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա ապացույցների անմիջական գնահատում, քանի որ հայցվորի կողմից դատավարության ընթացքում ներկայացված մի շարք ապացույցներ չեն գնահատվել և հետազոտվել: Դատական ակտը չի պարունակում հղում տվյալ ապացույցներին և չի պարունակում հիմնավորում՝ ինչու տվյալ ապացույցներով հայցվորի կողմից վկայակոչված փաստերը չեն հիմնավորվում և հաստատվում:
Ինչպես Դատարանը, այնպես էլ՝ Վերաքննիչ դատարանն իրենց եզրահանգումները կատարել են գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը ձևախեղելով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հողամասի սահմանազատման մասին որևէ տեղեկատվություն վարչական վարույթի նյութերում առկա չի եղել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այսօր էլ, այս պահին որևէ սահման առկա չէ, այլ մեկ ընդհանուր հողամաս է, որի վրա առկա են մի քանի կառույց: Այդ կառույցներից մեկի և հողամասի որոշակի հատվածի նկատմամբ իրավունք է շնորհվել հողամասի սեփականատեր Ժորա Հովհանիսյանի իրավահաջորդ չհանդիսացած անձին՝ Հրաչիկ Բաղդասարյանին: Դատավարության ընթացքում Դատարանին ներկայացված համապատասխան հատակագծից ևս ակնհայտ է, որ որևէ սահմանազատում կատարված չէ, ինչը կրկին անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հողամասի սահմանազատված լինելն «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի վերականգնման համար էական նշանակություն ունեցող փաստ է, և տվյալ փաստը հավաստող որևէ ապացույց գործում առկա չէ: Իր պնդմամբ վիճելի տունը կառուցվել է իր հոր՝ Ժորա Հովհաննիսյանի կողմից, իսկ Հրաչիկ Բաղդասարյանի պնդմամբ՝ այն կառուցվել է նրա հոր կողմից, մինչդեռ այդ հակասական տեղեկությունների պայմաններում ստորադաս դատարանները ընդունելի են համարել Հրաչիկ Բաղդասարյանի փաստարկն այն պայմաններում, երբ այդ փաստարկը հիմնավորող ապացույցներ գործում առկա չեն, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը սխալ է մեկանաբանել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ այն դիտարկելով որպես ոչ թե սեփականության իրավունքի վերականգնման, այլ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմք: Մինչդեռ այդ օրենքի բուն նպատակն է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնել այն անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է անշարժ գույքը որպես սեփական գույք: Օրենքը ոչ թե սեփականության իրավունքի ծագման հիմք կարող է դառնալ, այլ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, այսինքն՝ Հրաչիկ Բաղդասարյանը ոչ թե պետք է ձեռք բերեր, այլ վերականգներ իր իրավունքը, եթե իհարկե, այդպիսին գոյություն ուներ:
Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ էր, որ Հրաչիկ Բաղդասարյանը որևէ ապացույց վարչական մարմնին չի ներկայացրել այն մասին, որ հանդիսացել է այդ գույքի սեփականատեր: Չնայած որ Հրաչիկ Բաղդասարյանը նիստերին մասնակցել է անձամբ, Դատարանը փորձ չի կատարել վերջինից պահանջելու ապացույցներ այն մասին, որ նա հանդիսացել է գույքի սեփականատեր և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով վարչական մարմնին դիմելու շահագրգիռ անձ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ վեճի առարկա անշարժ գույքն ինքնակամ կառույց է։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հրաչիկ Բաղդասարյանը 16.04.2019 թվականին դիմում է ներկայացրել Քաղաքապետարան՝ խնդրելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն օրինականացնել Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16 հասցեի բնակելի տունը և հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 111)․
2) Երևանի քաղաքապետի 06.08.2019 թվականի «Երևանի Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ. 16/3 բնակելի տան և հողամասի նկատմամբ Հրաչիկ Վաղարշակի Բաղդասարյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 2805-Ա որոշմամբ արձանագրվել է, որ հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հրաչիկ Վաղարշակի Բաղդասարյանի (ծնված 10.02.1971թ.) դիմումը։ Նույն որոշման համաձայն՝ հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 25.04.2019 թվականի թիվ 1-0430, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.06.2019 թվականի թիվ 8233 գրությունները, Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.05.2019 թվականի թիվ 20-Ել-674 եզրակացությունը, (...), Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29․12․2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշել է վերականգնել Երևանի Ն. Շենգավիթ 8-րդ փողոց թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Վաղարշակի Բաղդասարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 205,99քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 205,99քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց թիվ 16 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Ն. Շենգավիթ 8-րդ փողոց հ. 16/3 տուն» (…)» (հատոր 1-ին, գ.թ. 52, 108, կադաստրային գործի նյութեր, գ.թ. 20)․
3) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 16.09.2019 թվականի թիվ 16092019-01-0198 վկայականի համաձայն՝ ք. Երևան, Շենգավիթ, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց թիվ 16 բնակելի տուն հասցեի նկատմամբ գրանցվել է Հրաչիկ Վաղարշակի Բաղդասարյանի սեփականության իրավունքը, հիմք՝ Երևանի քաղաքապետի 06.08.2019 թվականի թիվ 2805-Ա որոշում (հատոր 1-ին, գ.թ. 143-146, կադաստրային գործի նյութեր, գ.թ. 89)․
4) Ն. Շենգավիթի կոլտնտեսության հողային ժապավենային մատյանից 10.05.1990 թվականի քաղվածքի համաձայն՝ Ն. Շենգավիթի կոլտնտեսության հողային ժապավենային մատյանի 230-տողով քաղ. Ժորա Սեդրակի Հովհաննիսյանի անունով կա գրանցված 900քմ տնամերձ հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 46․
5) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 23.08.2018 թվականին տրված արխիվային տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Երևանի Շահումյան շրջանի Հողերի մատենագրման պետական հողային մատյանի՝ Ն. Շենգավիթի կոլտնտեսությունում 1955 թվականի Ժորա Հովհաննիսյանի անվամբ հաշվառված տնամերձ հողամասի մակերեսը կազմել է 900քմ (հատոր 1-ին, գ.թ. 45)․
6) Երևանի քաղաքապետի 18.02.2019 թվականի «Երևանի Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի հ. 16/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ Ռոբերտ Ժորայի Հովհաննիսյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 315-Ա որոշմամբ արձանագրվել է, որ հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռոբերտ Ժորայի Հովհաննիսյանի (ծնված 11.07.1957թ.) դիմումը: Նույն որոշման համաձայն՝ հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2000 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 20.07.2018 թվականի թիվ 1-0353, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.03.2018 թվականի թիվ 14477 գրությունները, Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.08.2018 թվականի թիվ 20-Ել-732 եզրակացությունը, (…), Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29․12․2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշել է վերականգնել Երևանի Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռոբերտ Ժորայի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 164,3քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 164,3քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, Ն. Շենգավիթի 8-րդ փողոցի թիվ 16 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Ն. Շենգավիթ 8-րդ փողոց հ. 16/1 տուն» (…)» (Կադաստրային գործի նյութեր, գ.թ. 68)․
7) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 25.03.2019 թվականի թիվ 25032019-01-0216 վկայականի համաձայն՝ Երևան, Շենգավիթ, Ներքին Շենգավիթ 8-րդ փողոց 16/1 բնակելի տուն հասցեի նկատմամբ գրանցվել է Ռոբերտ Ժորայի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, հիմք՝ համայնքի ղեկավարի 18.02.2019 թվականի թիվ 315-Ա որոշում, հողամասի հատակագիծ` 18.02.2019 թվական, թիվ 128-2019 (Կադաստրային գործի նյութեր, գ.թ. 118):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 29-րդ հոդվածների, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներում կայացված վարչական ակտի իրավաչափությունը քննելիս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու հիմնահարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է`
1) վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով.
(...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը` շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի` դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը, եզրահանգում` որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝ հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսդիրը, ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել իր իրավունքները և ազատությունները ենթադրյալ խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:
«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (…) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:
«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված համայնքի ղեկավարի որոշումը, որում պարտադիր նշվում են` 1) իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն. 2) տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին. 3) տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: Համայնքի ղեկավարի որոշման հետ գրանցող մարմին է ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան հողամասի հատակագիծը: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 300 քառակուսի մետր հողամասից ավել զբաղեցված, չկառուցապատված հողամասի առկայության դեպքում ավել օգտագործվող հողամասը սահմանված կարգով օտարվում է դրա կադաստրային արժեքով: Նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համայնքի ղեկավարի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:
Իր նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նշված օրենքի կարգավորման առարկային` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը: (...) Վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն (…) օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը (տե՛ս, Նարինե, Լիանա և Օֆելյա Թովմասյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Գագիկ Թովմասյանի և այլոց թիվ ՎԴ/1864/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ, անդրադառնալով նշված իրավակարգավորումներին, արձանագրել է, որ օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները: (…) օրենսդիրը սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը (քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը կամ հողհատկացման հիմքերը) չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքը համարվում է այն որպես սեփական գույք տիրապետող ֆիզիկական անձանց սեփականությունը:
(…) օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվում է այն ֆիզիկական անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է այդ անշարժ գույքը` որպես սեփական գույք: Ընդ որում, խոսքը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ոչ միայն փաստացի տիրապետում են համապատասխան անշարժ գույքը, այլ նաև հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, որոնց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ (…) օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող (…) քաղաքապետի որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին իրավունք է վերապահում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը (…) (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, նաև որ «(...) իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է նշված օրենքով սահմանված որոշակի պահանջներին բավարարող միայն այն բնակելի տների նկատմամբ, որոնք կառուցվել են օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ հանդիսանում են օրինական կառույցներ: Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր պահանջներից մեկն այն է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող և այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ հանդիսացող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տունը չի հանդիսանում ինքնակամ կառույց՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շինություն:
Այլ կերպ ասած` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգնվել միայն այն բնակելի տների նկատմամբ, որոնք չեն հանդիսանում ինքնակամ կառույցներ: Հետևաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, inter alia, այն հանգամանքը, թե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տունը հանդիսանում է արդյոք օրինական կառույց, թե՝ ոչ» (տե՛ս, Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հստակեցնել, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների համատեքստում՝ նույն օրենքով սահմանված վարչական վարույթի արդյունքում կայացվող համայնքի ղեկավարի որոշման հասցեատեր լինելու իրավաչափ ակնկալիք կարող է ունենալ այն անձը, ով որպես սեփական գույք տիրապետում է այն գույքը, որը հանդիսանում է դիմումի առարկան։ Բացի այդ, նույն որոշման հասցեատեր լինելու իրավաչափ ակնկալիք կարող է ունենալ այն անձը, ով համապատասխան անշարժ գույքը փաստացի տիրապետելու հետ միաժամանակ, նաև հանդիսանում է այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատիրոջ իրավահաջորդ, որի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել։
Ընդ որում, նույն օրենքի պահանջների համաձայն, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի որոշման վարչական վարույթում, որպես դիմումի առարկա պետք է հանդիսանա այն անշարժ գույքը, որը համապատասխանում է հետևյալ բոլոր պահանջներին՝
- կառուցված է ՀՀ համայնքների վարչական տարածքներում,
- կառուցված է մինչև 15.05.2001 թվականը,
- 19.07.2008 թվականի դրությամբ առկա է,
- հանդիսանում է անհատական բնակելի տուն և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինություն, դրան կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամաս,
- չեն պահպանվել դրա նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, կամ հողհատկացման հիմքերը,
- չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,
- չի հակասում քաղաքաշինական նորմերին,
- չի առաջացնում սերվիտուտ։
Գույքի՝ նշված պայմաններից առնվազն մեկին չհամապատասխանելը համայնքի ղեկավարի համար դիմումը մերժելու իրավաչափ հիմք է։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական մարմինը, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում դիմումի առարկա գույքի նկատմամբ անձին իրավունք վերապահելիս, ի թիվս անհրաժեշտ սուբյեկտային կազմի վերաբերյալ հանգամանքի հաստատման, այն է՝ դիմում ներկայացրած ֆիզիկական անձը հանդիսանում է արդյոք դիմումի առարկա գույքը որպես սեփական գույք տիրապետող միակ անձը, ինչպես նաև այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի միակ իրավահաջորդը, պարտավոր է ստուգել և հաստատել նաև իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի՝ վերոնշյալ բոլոր պայմաններին բավարարելու, այդ թվում՝ օրինական կառույց հանդիսանալու փաստը, որի դեպքում միայն դիմումի հիման վրա կայացված վարչական ակտը կարող է հանդիսանալ իրավաչափ։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ռոստոմ Հովհաննիսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 06.08.2019 թվականի ք. Երևան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ թիվ 2805-Ա որոշումը, և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել ք. Երևան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 18.10.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Տվյալ դեպքում վարչական վարույթը հարուցվել է Հրաչիկ Բաղդասարյանի դիմումի հիման վրա, այսինքն՝ վերջինս հայտ է ներկայացրել տվյալ անշարժ գույքը ձեռք բերելու համար:
(...) Սույն գործով հայցվորի կողմից որպես հիմնական պահանջ փաստորեն վիճարկվում է Երևանի քաղաքապետարանի 2805-Ա որոշումը, այն հիմնավորմամբ, որ Հրաչիկ Բաղդասարյանը որևէ իրավասություն չունի վիճելի հասցեի նկատմամբ, և վերջինս չէր կարող բնակելի տուն կառուցել նշված հողամասի վրա:
(...) հայցվորը չունի վիճարկվող վարչական ակտը վիճարկելու իրավական և փաստական հիմք, քանի որ գործում առկա չեն դրա ոչ իրավաչափ լինելը և հայցվորի իրավունքների խախտմանը հանգեցնելը հավաստող ապացույցներ:
(...) սույն գործի նյութերում առկա չէ ապացույց այն մասին, որ հայցվորը վիճելի անշարժ գույքը մինչև վիճարկվող որոշման ընդունումը տիրապետել է որպես սեփական գույք, որի դեպքում այդ գույքի նկատմամբ կարող էր ճանաչվել նրա սեփականության իրավունքը:
(...) Հայցվորի կողմից հայցի հիմքում դրված այն փաստարկը, որ վիճելի գույքը շատ վաղուց պատկանել է իրենց իրավանախորդին՝ հորը Ժորա Հովհաննիսյանին, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ինքնին չի կարող մեկնաբանվել որպես դրա՝ սեփականատիրոջ կարգավիճակով տիրապետում /ընդ որում առկա չէ նաև սեփականության կամ ժառանգության վերաբերյալ տվյալներ/: Ընդ որում դատավարության մասնակիցներն ընդունել են, որ իրենց հողամասերը սահմանազատված են, և մինչև որոշման կայացումն էլ սահմանազատված է եղել:
(...) սույն գործով որևէ կերպ չի ապացուցվում հայցվորի՝ վիճելի անշարժ գույքը որպես սեփականը տիրապետելու փաստը, (...) վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում հայցվորին որպես երրորդ անձ ներգրավելու և նրա լսելու իրավական հիմք առկա չի եղել, և վարչական մարմինն այդ առումով որևէ նորմի խախտում թույլ չի տվել:
(...) գործի փաստերով որևէ կերպ չի ապացուցվում, որ վիճելի գույքի նկատմամբ հայցվորն ունի գույքային որևէ իրավունք, որպիսի փաստն էլ բավարար է՝ հաստատված համարելու համար, որ հայցվորը սույն վարչական գործով չունի իրավական շահագրգռվածություն, ինչից հետևում է, որ վիճարկվող որոշմամբ չէր կարող տեղի ունենալ հայցվորի որևէ իրավունքի կամ ազատության խախտում:
(...) սույն գործում առկա տեղեկությունների համաձայն Հրաչիկ Բաղդասարյանը նշված բնակելի տունը կառուցել է մինչև 2001թ. /ընդ որում նշված փաստը չի վիճարկվել նաև հայցվորի կողմից/, իսկ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետի կողմից տրված թիվ 030673 մահվան վկայականի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ժորժիկ Սեդրակի Հովհաննիսյանը մահացել է 09.09.2005 թվականին, այսինքն բնակելի տունը կառուցվել է Ժորժիկ Հովհաննիսյանի կենդանության օրոք, մինչդեռ գործում առկա չէ ապացույց, որ վերջինս որևէ քայլ ձեռնարկել է նման գործողությունը կանխելու կամ հետևանքները վերացնելու համար: (...)»:
Վերաքննիչ դատարանը 30.11.2023 թվականի որոշմամբ Ռոստոմ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) գործում առկա թիվ 7 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 08.07.2019թ. տրված տեղեկանքով հաստատվում է, որ Հրաչիկ Բաղդասարյանը փաստացի բնակվում է ք. Երևան, Ն. Շենգավիթ, 8 փողոց, թիվ 16 տուն հասցեում և վարում է առանձին տնտեսություն, որպիսի տեղեկանքով և Հրաչիկ Բաղդասարյանի հոր՝ Վաղարշակ Բաղդասարյանի անվամբ կոմունալ ծառայությունների վճարումների անդորրագրերով (հ. 1, գ. թ. 126-131) հիմնավորվում է Հրաչիկ Բաղդասարյանի կողմից տվյալ անշարժ գույքը՝ որպես սեփական գույք տիրապետելու փաստը:
(...) Վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների հետազոտման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանցով հաստատվում է Օրենքի 1-ին հոդվածի կիրառմամբ՝ ք. Երևան, Ն. Շենգավիթ, 8-րդ փողոց, թիվ 16/3 (16) հասցեում գտնվող անհատական բնակելի տան և 205,99քմ մակերեսով հողամասի նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի վերականգնման անհրաժեշտ փաստակազմի առկայությունը:
(...) բողոքաբերը, մի դեպքում, պնդում է, որ ք. Երևան, Ն. Շենգավիթ, 8-րդ փողոց, թիվ 16/3 (16) հասցեում գտնվող անհատական բնակելի տունն ինքնակամ շինություն է և կառուցված է եղել իր հոր՝ Ժորա Հովհաննիսյանի կողմից, իսկ մեկ այլ դեպքում նշում է, որ այդ տունը գտնվում է Ժորա Հովհաննիսյանին հատկացված հողամասում, և որ Հրաչիկ Բաղդասարյանը չի ներկայացրել որևէ իրավահաստող փաստաթուղթ առ այն, որ ունեցել է համապատասխան թույլտվություն Ժորա Հովհաննիսյանի հողի վրա անհատական բնակելի տուն կառուցելու համար:
(...) Օրենքի 1-ին հոդվածի կիրառմամբ անհատական բնակելի տան և դրան կից բնակելի նշանակության օժանդակ շինությունների, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման համար էական նշանակություն ունի այն, թե ով է փաստացի (որպես սեփականը) տիրապետում այդ գույքը: Ընդսմին, Օրենքը, կարգավորելով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի (որպես սեփականը) տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները, չի կարևորում նախկինում այդ գույքի պատկանելության, դրա կամ դրա մասի նկատմամբ ունեցած իրավունքի բնույթի (ծավալի) ու դրա փոխանցման ձևի վերաբերյալ պայմանը:
(...) Ն. Շենգավիթի կոլտնտեսությունում 1955 թ. Ժորա Հովհաննիսյանի անվամբ հաշվառված տնամերձ հողամասի մակերեսը, որը կազմել է 900քմ (հ. 1, գ. թ. 45-46), գործում առկա ապացույցներով չի նույնականացվում այն հողամասի հետ, որի նկատմամբ Օրենքի 1-ին հոդվածի կիրառմամբ վերականգնվել է Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքը: Ավելին՝ այն, որ ք. Երևան, Ն. Շենգավիթ, 8-րդ փողոց, թիվ 16/3 (16) հասցեում գտնվող անհատական բնակելի տունը կառուցվել է Հրաչիկ Բաղդասարյանի կողմից Դատարանում գործի քննության ընթացքում ընդունել են նաև դատավարության մասնակիցները, հետևաբար (...) հիմնազուրկ են հակառակի վերաբերյալ բողոքաբերի կողմից ներկայացված հիմնավորումները:
(...) հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ Հրաչիկ Բաղդասարյանի այդ հասցեում չբնակվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդել Վիճարկվող որոշման իրավաչափության վրա, իսկ տվյալ հասցեում հաշվառված լինելու հանգամանքը չի հանդիսանում Օրենքի 1-ին հոդվածի կիրառման պայման, ուստի անհիմն է նաև բողոքաբերի այս պնդումը:
(...) բողոքաբերը կարող էր և պետք է մասնակից դարձվեր Հրաչիկ Բաղդասարյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթին միայն այն դեպքում, եթե պարզվեր, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը, նրանից բացի, փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ բողոքաբերի կողմից, որպիսի փաստը, սակայն, գործում առկա ապացույցներով որևէ կերպ չի հաստատվում»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում ստորադաս դատարանները չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, Երևանի քաղաքապետի 06.08.2019 թվականի թիվ 2805-Ա որոշման իրավաչափությունը գնահատելիս չեն պարզել վիճելի հասցեում գտնվող անհատական բնակելի տան և 205,99քմ մակերեսով հողամասի նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի վերականգնման անհրաժեշտ փաստակազմի առկայությունը: Մասնավորապես՝ չի պարզվել սույն գործով վիճարկվող որոշումը կայացնելու վարչական վարույթում դիմումի առարկա անշարժ գույքի նկատմամբ իրավունք վերականգնելու ակնկալիք ունեցողների սուբյեկտային կազմը Քաղաքապետարանի կողմից ստուգված լինելու և դիմումի առարկա գույքը որպես սեփական գույք միայն դիմումը ներկայացրած ֆիզիկական անձի (գույքի սեփականատեր կամ նրա իրավահաջորդ) կողմից տիրապետելու հանգամանքները։
Միևնույն ժամանակ չի պարզվել, թե Քաղաքապետարանի կողմից արդյո՞ք ստուգվել է անշարժ գույքի համապատասխանությունը «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճելի է մնացել և թույլատրելի ապացույցներով չի հաստատվել խնդրո առարկա հասցեում գտնվող անհատական բնակելի տան ինքնակամ կառույց չհանդիսանալու հանգամանքը, չի պարզվել այդ գույքը փաստացի, որպես սեփական տիրապետողների անունները, նրանց կապը սեփականատերերի կամ նրա իրավահաջորդների հետ, ձեռք չեն բերվել իրավունք հաստատող փաստաթղթերի երբեմնի գոյությունը վկայող ապացույցներ։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը չի կարևորում նախկինում այդ գույքի պատկանելիության, դրա կամ դրա մասի նկատմամբ ունեցած իրավունքի բնույթի (ծավալի) ու դրա փոխանցման ձևի վերաբերյալ պայմանը՝ Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ նշված օրենքի հիման վրա դիմումի առարկա գույքի նկատմամբ անձին իրավունք վերապահելիս, ի թիվս անհրաժեշտ սուբյեկտային կազմի վերաբերյալ հանգամանքի հաստատման, ստուգման և հաստատման է ենթակա նաև իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի՝ օրենքով սահմանված բոլոր պայմաններին բավարարելու, այդ թվում՝ օրինական կառույց հանդիսանալու փաստը, ուստի Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը հիմնավոր չէ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների հետազոտման արդյունքում հաստատվում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի կիրառմամբ՝ ք. Երևան, Ն. Շենգավիթ, 8-րդ փողոց, թիվ 16/3 (16) հասցեում գտնվող անհատական բնակելի տան և 205,99քմ մակերեսով հողամասի նկատմամբ Հրաչիկ Բաղդասարյանի սեփականության իրավունքի վերականգնման անհրաժեշտ փաստակազմի առկայությունը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն պարզել սույն գործի ըստ էության լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, գործի քննության ընթացքում չի հաստատվել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի՝ օրենքով սահմանված բոլոր պայմաններին բավարարելու, այդ թվում՝ օրինական կառույց հանդիսանալու փաստը, ինչպես նաև հայցվորի՝ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով երաշխավորված իրավունքի սուբյեկտ չհանդիսանալու, ըստ այդմ նաև՝ այդ գույքի նկատմամբ օրինական ակնկալիք չունենալու հանգամանքները, որի արդյունքում եկել են սխալ եզրահանգման՝ կայացնելով գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտեր:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Ստորադաս դատարանները չեն պարզել նաև Հրաչիկ Բաղդասարյանին 16.09.2019 թվականի տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16092019-01-0198 սեփականության իրավունքի գրանցման վկայականում առկա հասցեի և որպես ածանցյալ ներկայացված պահանջում վկայակոչված հասցեի միջև անհամապատասխանությունը։ Մասնավորապես՝ թիվ 16092019-01-0198 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 06.08.2019 թվականի թիվ 2805-Ա որոշման հիման վրա Հրաչիկ Բաղդասարյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը 16.09.2019 թվականին իրականացվել է ոչ թե նույն որոշման մեջ վկայակոչված ք. Երևան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16/3 հասցեի նկատմամբ, այլ՝ ք. Երևան, Ն. Շենգավիթ 8-րդ փողոց, թիվ 16 հասցեի նկատմամբ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2023 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
Ռ. Հակոբյան |
ա. Թովմասյան | |
Ք. ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական:
