ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1941-Լ
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-381-19.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-381-19.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն նախատեսվում է տեղում ստորագրությունների հավաքի կազմակերպումն իրականացնել բացի օրենքով արդեն իսկ սահմանված վայրերից՝ օրենքով չարգելված այլ վայրերում: Որպես տվյալ լրացման հետ կապված փոփոխություն՝ նախագծով առաջարկվել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 16-րդ մասից հանել այն դրույթը, որի համաձայն տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ:
Վերոգրյալ փոփոխության և լրացման հետ կապված՝ գտնում ենք, որ դրանք հղի են տեղում ստորագրությունների հավաքման օրինականության ապահովման լուրջ սպառնալիքներով, քանի որ Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն տեղում ստորագրելու դեպքում ձևաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձևաթերթիկն ստորագրում և հանձնվում է ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին, իսկ էլեկտրոնային եղանակի դեպքում ձևաթերթիկն ստորագրվում է էլեկտրոնային նույնականացման եղանակով: Այսինքն, 16-րդ մասի այն դրույթը, որի համաձայն տեղում ստորագրությունների հավաքումն իրականացվում է հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, միտված է ստորագրությունների հավաքման ժամանակ չարաշահումների կանխարգելմանը, մասնավորապես, այլ անձի փոխարեն ստորագրելը, այլ անձի անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կանխելուն: Այսինքն, գործող կարգավորումն ուղղված է տեղում ստորագրությունների իսկության ստուգման իրականացմանը։
Մինչդեռ, նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործնականում հնարավորություն չի ունենա իրականացնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 204-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված իր՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու պարտականությունը: Այսինքն, գործնականում անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատի ստորագրությունների վավերականությունը, եթե դրանք վերցված լինեն ցանկացած վայրից՝ առանց հանրային ծառայողի մասնակցության:
Ինչ վերաբերում է «օրենքով չարգելված վայրերում» ստորագրությունների հավաքի առաջարկին, ապա գտնում ենք, որ այդ պարագայում անհրաժեշտ է նախագծով սահմանել «օրենքով չարգելված վայրերը»։
2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Թերությունների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհապաղ տեղեկացնում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին և տրամադրում 10 աշխատանքային օր՝ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:»:
Կարծում ենք որոշակիորեն անորոշ է «թերություններ» կատեգորիան։ Բացի դրանից, նույնիսկ մեխանիկական թերությունների դեպքում ստորագրությունը պետք է ճանաչվի ոչ վավերական, և չպետք է այն վերացնելու լրացուցիչ ժամկետ տրամադրվի։
Ինչ վերաբերում է թերությունների մասին «անհապաղ տեղեկացնելուն», ապա գտնում ենք, որ անորոշ է, թե որ պահին պետք է իրականացվի «անհապաղ տեղեկացումը»՝ յուրաքանչյուր թերության հայտնաբերումից, թե բոլոր ստորագրություններն ուսումնասիրելուց հետո։