ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2025 թվականի N 18-Ն
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Թանգարանների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 18-Ն որոշման |
Կ Ա Ր Գ ՈՒ Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավատարմագրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Թանգարանների հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` «Թանգարանների մասին» օրենքին (այսուհետ` օրենք) և սույն կարգի պահանջներին համապատասխան:
3. Թանգարանների կարգավիճակը հավաստվում է վկայականով (այսուհետ` վկայական) և հավատարմագրման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` գրանցումով:
4. Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծվում է թանգարանների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգն ու անհատական կազմը:
5. Հանձնաժողովն իրավասու է քննարկել սույն կարգի համաձայն իրեն ներկայացված փաստաթղթերը և տրամադրել եզրակացություն թանգարանին կարգավիճակ տալու կամ մերժելու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրում և յուրաքանչյուր տարի թարմացնում է հավատարմագրված թանգարանների վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ներառի`
1) թանգարանի անվանումը.
2) թանգարանի գտնվելու վայրը.
3) վկայականի համարը, տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
4) թանգարանի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը:
2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
7. Թանգարանի հավատարմագրման համար դիմում կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ թանգարանի տնօրենը (այսուհետ՝ հավակնորդ), անկախ ներկայացվող թանգարանի հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից։
8. Հավատարմագրման համար հավակնորդը դիմում է նախարարին` կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) տեղեկանք թանգարանային գործունեությանը բնորոշ առարկաների թվի և հավաքածուների թեմատիկ բովանդակության, դրանց պահպանության, պաշտպանության, ցուցադրման/հանրայնացման պայմանների մասին.
2) տեղեկանք թանգարանի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների տնօրինման (հավաքածուների պահոցների համար նախատեսված տարածք, ցուցադրության կազմակերպման տարածք (ցուցասրահ), վարչական և մասնագիտական անձնակազմի աշխատանքների կազմակերպման համար տարածք), թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման և ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայության, թանգարանային առարկաների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով, թանգարանային տարածքների և ցուցասրահների հասանելիությամբ և խելամիտ հարմարեցմամբ ապահովվածության մասին.
3) տեղեկանք թանգարանային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տիրապետման (աշխատակազմին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի վճարումը, թանգարանի պահպանության և կոմունալ ծախսերն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին) և դրանց մուտքերի աղբյուրի մասին.
4) տեղեկանք նախարարի հրամանով սահմանված թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներից կազմված աշխատակազմի առկայության մասին:
9. Դիմումը և կից փաստաթղթերն ընդունում է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա կառուցվածքային ստորաբաժանումը հավակնորդին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն: Դիմումն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը զեկուցում է նախարարին հանձնաժողովի նիստ կազմակերպելու անհրաժեշտության մասին:
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում հավակնորդի կողմից փաստաթղթերի թերությունները չվերացվելու կամ ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում դիմումը մերժվում է:
11. Հանձնաժողովը նիստում քննարկում է դիմումը և տալիս այն բավարարելու կամ մերժելու մասին եզրակացություն:
12. Հանձնաժողովը դիմումը մերժում է, եթե չի բավարարում սույն կարգի 8-րդ կետի պահանջները:
13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի հրամանի նախագիծ՝ հավակնորդի դիմումը բավարարելու կամ գրության նախագիծ՝ դիմումը մերժելու վերաբերյալ՝ դրան կցելով դիմումը, կից ներկայացրած փաստաթղթերը, հանձնաժողովի եզրակացությունը և նիստի արձանագրության քաղվածքը:
14. Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է ընդունում թանգարանին հավատարմագրման վկայական տալու մասին կամ ստորագրում է մերժման վերաբերյալ գրությունը:
15. Գործող պետական կամ համայնքային թանգարանի հավատարմագրումն իրականացվում է պարզեցված ձևով:
16. Պարզեցված ձևով հավատարմագրման համար հավակնորդը դիմում է նախարարին` կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) տեղեկանք թանգարանի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների տնօրինման (հավաքածուների պահոցների համար նախատեսված տարածք, ցուցադրության կազմակերպման տարածք (ցուցասրահ), վարչական և մասնագիտական անձնակազմի աշխատանքների կազմակերպման համար տարածք), թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման և ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայության, թանգարանային առարկաների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով, թանգարանային տարածքների և ցուցասրահների հասանելիությամբ և խելամիտ հարմարեցմամբ ապահովվածության մասին.
2) տեղեկանք լիազոր պետական մարմնի սահմանած՝ թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված աշխատակազմի առկայության մասին:
17. Դիմումը և կից փաստաթղթերն ընդունում է կառուցվածքային ստորաբաժանումը և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա կառուցվածքային ստորաբաժանումը հավակնորդին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն: Դիմումն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջացնելուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը զեկուցում է նախարարին հանձնաժողովի նիստ կազմակերպելու անհրաժեշտության մասին:
18. Սույն կարգի 26-րդ կետի չափորոշիչները չբավարարող պետական կամ համայնքային թանգարանը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցով (տարեկան երկու թանգարանից ոչ պակաս) համապատասխանեցվում է պահանջներին:
19. Հանձնաժողովը նիստում քննարկում է դիմումը և տալիս այն բավարարելու կամ մերժելու մասին եզրակացություն:
20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի հրամանի նախագիծ՝ հավակնորդի դիմումը բավարարելու կամ գրության նախագիծ՝ դիմումը մերժելու վերաբերյալ՝ դրան կցելով դիմումը, կից ներկայացրած փաստաթղթերը, հանձնաժողովի եզրակացությունը և նիստի արձանագրության քաղվածքը:
21. Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է ընդունում թանգարանին հավատարմագրման վկայական տալու մասին կամ ստորագրում է մերժման վերաբերյալ գրությունը:
3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
22. Կառուցվածքային ստորաբաժանումը նախարարի հրամանի հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է հավատարմագրման վկայականը և ներկայացնում նախարարի հաստատմանը:
23. Վկայականը նախարարի կողմից հաստատվելուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում վկայականը գրանցում է գրանցամատյանում և այն հանձնում հավակնորդին: Վկայականը տրվում է 10 (տասը) տարի ժամկետով՝ վերահավատարմագրման հնարավորությամբ։
24. Վկայականի, գրանցամատյանի ձևերն ու վարման կարգը սահմանում է նախարարը:
25. Վկայականի կորստի կամ վնասվելու դեպքում թանգարանի դիմումի և գրանցամատյանի տվյալների հիման վրա տրվում է նույն համարով և գործողության ժամկետով նոր վկայական` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով:
4. ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
26. Թանգարանը հավատարմագրվում է համաձայն հետևյալ չափորոշիչների՝
1) հավակնորդը տիրապետում է թանգարանին բնորոշ հավաքածուների և իրականացնում է առկա հավաքածուների ուսումնասիրություն, հաշվառում, պահպանություն, համալրում և հանրայնացում՝ ըստ լիազոր պետական մարմնի հաստատած պայմանակարգերի.
2) հավակնորդը տնօրինում է թանգարանի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների (հավաքածուների պահոցների համար նախատեսված տարածք, ցուցադրության կազմակերպման տարածք (ցուցասրահ), վարչական և մասնագիտական անձնակազմի աշխատանքների կազմակերպման համար տարածք), թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման և ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայի, ապահովված է թանգարանային առարկաների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով, թանգարանային տարածքների և ցուցասրահների հասանելիությամբ և խելամիտ հարմարեցմամբ.
3) հավակնորդն ունի լիազոր պետական մարմնի սահմանած՝ թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված աշխատակազմ.
4) հավակնորդը տիրապետում է թանգարանի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին (աշխատակազմին առնվազն օրենքով նվազագույն աշխատավարձի չափով վարձատրության, կոմունալ ծախսերի ապահովման համար) կամ դրանց մուտքերի աղբյուրին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2025 թվական: