ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2025 թվականի N 73-Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
23.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 73-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների (այսուհետ՝ անասնաբուժական դեղամիջոցներ) գովազդի թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Գովազդի թույլտվությունը, համաձայն N 1 ձևի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ հայտատուի կամ նրա կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի կողմից ներկայացված հայտի հիման վրա:
3. Գովազդի թույլտվություն ստանալու հայտը, համաձայն N 3 ձևի, ներկայացնում է հայտատուն կամ նրա կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը:
4. Գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու համար գովազդի թույլտվություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը կամ նրա կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը կարող է սույն կարգով թույլտվություն ստացած գովազդում կատարել տեքստի, հոլովակի, տևողության կամ զանգվածային լրատվության միջոցի փոփոխություն կամ լրացում (բացառությամբ գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի անվան և գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի արտադրողի կողմից ներկայացված և գրանցման ժամանակ հաստատված հրահանգի), որի համար նախարարություն է ներկայացնում գովազդի փոփոխություն կամ լրացում կատարելու թույլտվություն ստանալու հայտը՝ համաձայն N 4 ձևի, և սույն կարգի 9-րդ կետով սահմանված հայտին կից ներկայացվող փաստաթղթերը՝ բացառությամբ պետական տուրքի անդորրագրի՝ կցելով գովազդի փոփոխված տեքստը՝ փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության միջոցներով գովազդ իրականացնելու համար՝ գովազդային հոլովակը՝ կրիչով, երկու օրինակից:
5. Գովազդի տեքստը պետք է համապատասխանի գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի արտադրողի կողմից ներկայացված և գրանցման ժամանակ հաստատված օգտագործման հրահանգի տվյալներին։
6. Հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն առձեռն կամ փոստով կամ առցանց՝ նախարարության էլեկտրոնային փոստի (secretariat@mineconomy.am) հասցեով:
2. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Որպես անասնաբուժական դեղամիջոցների գովազդի հայտատու կարող են հանդես գալ անասնաբուժական դեղատնային գործունեությամբ կամ անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ կամ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծմամբ, մեծածախ կամ մանրածախ իրացմամբ զբաղվող կամ անասնաբուժության ոլորտում անասնաբուժական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև վերը նշված գործունեությամբ զբաղվող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումներն ու հիմնարկները (այսուհետ՝ օտարերկրյա իրավաբանական անձ)։
8. Հայտում պետք է նշված լինեն՝
1) իրավաբանական անձի դեպքում` հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը, գործունեության տեսակը և իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն․
2) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի համարը, գործունեության տեսակը և իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն․
3) անասնաբուժական դեղամիջոցի լրիվ անվանումը, պետական գրանցման հավաստագրի համարը, գովազդի տեսակը, որի թույլտվության համար ներկայացվում է հայտ՝ նշելով տեղեկատվական միջոցը, որի օգնությամբ տարածվելու է գովազդը, գովազդի տարածման ժամկետը․
4) հայտի պատասխանի ստացման եղանակը․
5) օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում՝ նաև օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության պատճենը։
9. Հայտին կից ներկայացվում են՝
1) գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային՝ հաստատված հայտատուի ստորագրությամբ, կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում՝ միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով, երկու օրինակից․
2) գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի գրանցման ժամանակ հաստատված օգտագործման հրահանգը․
3) պետական տուրքի անդորրագիրը․
4) լիազորված անձի կողմից հայտ ներկայացնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը։
10. Հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություն, ձևական սխալներ, վրիպակներ հայտնաբերելու պահից նախարարությունը դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է հայտատուին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղղելու կամ լրացնելու առաջարկով:
11. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով ներկայացվող գովազդի տեքստում կից պետք է ներառվեն գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի արտադրողի կողմից ներկայացված և գրանցման ժամանակ հաստատված օգտագործման հրահանգի մասին տեղեկություններ, եթե անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը պահանջում է հրահանգի հետ պարտադիր ծանոթացում։
12. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 15-րդ կետով գովազդի թույլտվության տրամադրման կամ մերժման համար սահմանված ժամկետի մեջ:
13. Հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրաման։
14. Գովազդի փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակները հաստատվում են համաձայնություն տալու մասին նշագրումով՝ համաձայն N 2 ձևի։
15. Նախարարությունը գովազդի թույլտվությունը տրամադրում է կամ գովազդի թույլտվության հայտը մերժում է սույն կարգով հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը նախարարություն մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում։
16. Գովազդի թույլտվության հրամանի օրինակը գովազդի համաձայնեցված տեքստի կամ հոլովակի մեկ օրինակի հետ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանը արձակվելու օրվանից եռօրյա ժամկետում հանձնվում է հայտատուին։
17. Գովազդի թույլտվությունը համարակալվում է ըստ սերիայի և հերթական համարի՝ հնգանիշ թվով: Համարակալումը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին։
18. Գովազդի թույլտվության մասին հայտը ենթակա է մերժման, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.
2) սույն կարգի 9–րդ կետի պահանջը բավարարված չէ․
3) հայտատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում չի կատարում սույն կարգի 10-րդ կետի առաջարկը․
4) հայտին կից ներկայացված են ակնհայտ կեղծ փաստաթղթեր․
5) գովազդը հակասում է «Գովազդի մասին» օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածների պահանջներին։
19. Գովազդի թույլտվությունը մերժման ենթակա լինելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայտատուն գրավոր ծանուցմամբ հրավիրվում է նախարարություն, և հանդիպման ժամանակ հայտատուին տրվում է մանրամասն պարզաբանում մերժման հիմքերի վերաբերյալ։
20. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը։
21. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ հայտի մերժման մասին հրամանի օրինակը հանձնվում է հայտատուին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ մերժման հրամանն արձակվելուց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:
22. Անասնաբուժական դեղամիջոցների գովազդի թույլտվությունը տրամադրվում է ոչ ավելի, քան անասնաբուժական դեղամիջոցի պետական գրանցման ժամկետն է:
23. Անասնաբուժական դեղամիջոցների հայտատուն իրավասու է գովազդը տարածելու գովազդի թույլտվության մեջ նշված ժամկետում:
24. Գովազդի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:
25. Անասնաբուժական դեղամիջոցների գովազդի թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք։
26. Գովազդի փոփոխության կամ լրացում կատարելու մասին հայտում պետք է նշվի նաև գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին հիմնավորումը:
27. Սույն որոշմամբ սահմանված կարգով գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու դեպքում հայտատուն կամ նրա կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը ներկայացնում է հայտ՝ համաձայն N 4 ձևի և սույն կարգի 9-րդ կետով սահմանված հայտին կից ներկայացվող փաստաթղթերը՝ բացառությամբ պետական տուրքի անդորրագիրը։
28. Գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու վերաբերյալ հայտը բավարարվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
29. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու գովազդի թույլտվությունը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով, որի մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով, առձեռն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով պատշաճ ծանուցվում է հայտատուին՝ գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով։
30. Առանց գովազդի թույլտվության կամ այդ թույլտվության պայմանների խախտմամբ անասնաբուժական դեղամիջոցների գովազդն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
31. Անասնաբուժական դեղամիջոցները գովազդելիս պետք է հեռարձակվեն (կամ պատկերվեն) նախարարության կողմից տրված գովազդի թույլտվության համարը, օրը, ամիսը, տարին, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը։
32. Հակացուցումներ ունեցող անասնաբուժական դեղամիջոցների գովազդային հոլովակի և փաստաթղթային տեքստի բովանդակության մեջ պետք է ներառվի «Տվյալ անասնաբուժական դեղամիջոցն ունի հակացուցումներ, այն կիրառելուց առաջ խորհրդակցել անասնաբույժի հետ։» նախադասությունը:
33. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու կամ թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանը կարող է բողոքարկվել վարչական և դատական կարգով:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գ Ո Վ Ա Զ Դ Ի Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ________
Տրված _____ ______________ 20 թ.
Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը
____________________________________________________________________________
Գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի պետական գրանցման հավաստագրի համարը
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը
_______________________________________________________________________
Գովազդի տեսակն ու տեղեկատվական միջոցի անվանումը, որով նախատեսվում է տարածել գովազդը
_______________________________________________________________________
Գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի (պատվաստանյութ, շիճուկ կամ ախտորոշիչ միջոց) լրիվ անվանումը
_______________________________________________________________________
Թույլտվության գործողության ժամկետը __ _____ 20 թ.-ից մինչև __ _____ 20 թ.-ը
ՀՀ էկոնոմիկայի նախարար |
_______________________ |
Կ.Տ |
(ստորագրություն) |
Գովազդի թույլտվությունը դադարեցվում է, եթե՝
1. դադարել է անասնաբուժական դեղատնային գործունեությամբ կամ անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ կամ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծմամբ, մեծածախ կամ մանրածախ իրացմամբ զբաղվելու կամ անասնաբուժության ոլորտում անասնաբուժական գործունեություն իրականացնելու իրավունքը, որի մասին հայտատուն 3-օրյա ժամկետում տեղեկացնում է նախարարությանը.
2. օտարերկրյա պետություններում դադարեցվել է գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի շրջանառությունը:
Թույլտվության դադարեցման ժամկետը |
____ _____________________ 20 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարար |
______________________________ (ստորագրություն) |
Կ.Տ. |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՀՈԼՈՎԱԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_________________________________________________________________________________________

Անասնաբուժական դեղամիջոցի 20 թվականի թիվ - - - X X - 0 0 0 0 0 գովազդը
___________________________________________________________________
(հայտատուի անվանումը կամ անունը, ազգանունը)
կարող է իրականացվել միայն սույն տեքստի և (կամ) կից հոլովակի
համաձայն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար |
___________________________ (ստորագրություն) |
_______ ________________ 20 թ. |
Կ.Տ.
Ձև N 3
ՀՀ էկոնոմիկայի նախարար
———————————ին
Հ Ա Յ Տ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
3. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը
_________________________________________________________________________________________
4. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի համարը
_________________________________________________________________________________________
5. Գործունեության տեսակը, իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
6. Գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի` պատվաստանյութի, շիճուկի կամ ախտորոշիչ միջոցի լրիվ անվանումը
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
7. Գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի պետական գրանցման հավաստագրի համարը
_________________________________________________________________________________________
8. Գովազդի տեսակը, որի թույլտվության համար հայտ է ներկայացվում
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
(հեռուստատեսություն, ռադիո, համացանց, զանգվածային տեղեկատվության տպագիր միջոց` նշելով անվանումը)
9. Օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության պատճենը _________________________
10. Հայտի պատասխանի ստացման եղանակը __________________________________
11. Գովազդի տարածման ժամկետը ____________________________________________
12. Կից ներկայացնում եմ՝
□ գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային՝ հաստատված հայտատուի ստորագրությամբ, կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում՝ միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով, երկու օրինակից.
□ գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի արտադրողի կողմից ներկայացված և գրանցման ժամանակ հաստատված օգտագործման հրահանգը.
□ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը
___________________________________________________________________________
□ Պետական տուրքի անդորրագիրը։
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
__________________________________________________________________________
(հայտատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
_________ ___________________ 20 թ.
Կ.Տ. (առկայության դեպքում)
Ձև N 4
ՀՀ էկոնոմիկայի նախարար
————————————ին
Հ Ա Յ Տ
ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՀՈԼՈՎԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
3․ Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը
_________________________________________________________________________________________
4․ Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի համարը
_________________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
4. Գովազդի թույլտվության սերիան, համարը, տրամադրման ամսաթիվը, գործողության ժամկետը,
_________________________________________________________________________________________
5. Գովազդում փոփոխություն կամ լրացում կատարելու հիմնավորում
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
6.Կից ներկայացնում եմ՝
□ գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային՝ հաստատված հայտատուի ստորագրությամբ, կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում՝ միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով, երկու օրինակից.
□ գովազդվող անասնաբուժական դեղամիջոցի արտադրողի կողմից ներկայացված և գրանցման ժամանակ հաստատված օգտագործման հրահանգը.
□ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը
________________________________________________________________________________________:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին
_________________________________________________________________________
(հայտատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
_________ ___________________ 20 թ.
Կ.Տ. (առկայության դեպքում)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: